Անասնաբույժ Վան Օհանջանյանի հեղինակային սյունյակը

Հիշեցում՝ shinshila.am կայքում զետեղված ցանկացած լուսանկար եւ/կամ գրառում Հայաստանի Շինշիլաբույծների Ընկերակցության հանդիսանում է մտավոր սեփականություն։ Ենթակա չէ ներբեռնման, պատճենման կամ տարածման ցանկացած միջոցով առանց ՀՇԸ գրավոր համաձայնության։

Եթե դուք որոշել եք զբաղվել շինշիլլշաբուծությամբ, կամ արդեն զբաղվում եք, և, անգամ, եթե շատ բան գիտեք այդ կենդանու մասին, կարծում եմ, ստորև նշվող մասնագիտական խորհուրդները ձեզ ավելի կօգնեն ։
Շինշիլայի արտաքին, մորֆոլոգիկան, չափագրական, անատոմիական տվյալները ։ Հայաստանում ներմուծվում և բուծվում է Շինշիլայի մեկ ենթատեսակ Երկարապոչ շինշիլա ( шиншилла длиннохвостная, Chinchilla lanigera ), որն էլ ունի իր տարատեսակները Շինշիլա Լեռնային և շինշիլա ափային կամ դաշտային։ Սրանցից երկուսն էլ Հայաստանում առկա են, դրա համար էլ նկարագրման ժամանակ կենսաբանական, ֆիզիոլոգիական, մորֆոլոգիական, չափագրական տվյալների տատանման Ինտերվալը կարող է տարբերվել ։
Հասուն Շինշիլայի մարմնի երկարությունը 24֊28 սմ. Է, պոչի երկարությունն առանց մազերի 11.5֊18.5 սմ, ականջի երկարությունը 4.1֊6.5 սմ, ներբանի ( ոտնաթաթի ) երկարությունը 4.8֊6.9 սմ, կենդանի քաշը 450֊850 գր. ( էգերն ավելի խոշոր են ) ։
Հարկ է նշել, որ տարիքի հետ կենդանու մոտ որոշ չափով մեծանում են ականջները, ավելի է երկարում ոտնաթաթը, հատկապես էգերի մոտ։ Կենդանի քաշը ենթարկվում է փոփոխության ըստ սեզոնայնության, տարվա ցուրտ ամիսներին այն ավելանում է, ամռանը նվազում։
Նույնապես փոփոխության է ենթարկվում նաև կենդանու մազածածկույթը։ Ձմռան ամիսներին մորթին ավելի խիտ է, մուգ և փայլուն ։ Այդ թվում շինշիլաների մոտ մորթու գունային դիմորֆիզմ չի նկատվում` էգերն ու արուները գունային տարբերություն չունեն։ Բնության մեջ ապրող շինշիլաները տարեկան երկու անգամ ունենում են բնական մազափոխություն։ Բայց, քանի որ նրանք ընտայնացվել և բուծվում են վանդակային պայմաններում, իսկ շինություններում միկրոկլիման զգալի տատանումների չի ենթարկվում, մազափոխությունն այդքան էլ արտահայտիչ չէ և կարելի է ասել, որ այն կատարվում է տարեկան մեկ անգամ ։
Մազափոխության նորմայից շեղումները ևս հավանական են, դրանք կարող են ունենալ տարբեր պատճառներ, օր. Մայրերը հղիության և լակտացիայի (ձագերի կերակրում ) ընթացքում կարող են մազափոխվել, որոշ հիվանդագին վիճակներից, առողջանալուց, սթրեսներից և այլն ։ Մազափոխությունը կարող է կրել նաև խիստ անհատական բնույթ։ Այն ունի նաև գենետիկական հակվածություն ։
ՀԻՇԵՑՈՒՄ֊ Շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր շինշիլաբույծ իմանա. Կենդանու առողջական վիճակի փոփոխության առաջին ազդանշանը դա մորթու որակական և գունային փոփոխությունն է, որը կարող է լինել ընդհանուր կամ տեղային ։ նման դեպքերում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել անասնաբույժ մասնագետի։
Շինշիլաբուծությամբ զբաղվող յուրաքանչյուր ոք պետք է զինված լինի բավարար գիտելիքներով, ոչ միայն կենդանու պահվածքի, խնամքի, կերակրման առանձնահատկությունների մասին, այլ նաև այդ կենդանու կենսաբանական, ֆիզիոլոգիական, մորֆոլոգիական, չափագրական (կառուցվաքաբանական) առանձնահատկությունների մասին։ Կեսաբանական առանձնահատկություններից կարելի նշել հետևյալը ։ Շինշիլլան, ի տարբերություն շատ կրծողների, համարվում է բնային կենդանի, վարում է գիշերային կենսակերպ, սնվում է օրվա մութ ժամերին ։Այդ են վկայում նրա խոշոր կլոր աչքերը, բավականին երկար և զգայուն բեղիկները (շոշափուկները), և մարմնի ու գլխի համեմատ զգալիորեն խոշոր և լայն դրվածքով ականջները ։Օրվա լույս ժամերին նրանք հանգիստ, հիպոդինամիկ վիճակում են, այդ ընթացքում էլ տեղի է ունենում նրանց հիմնական մարսողական և նյութափոխանակության պրոցեսները ։ ՀԻՇԵՑՈՒՄ ֊ ցերեկային ժամերին անհրաժեշտ է հնարավորինս քիչ անհանգստացնել կենդանիներին, խուսափել պայծառ լուսավորությունից ևաղմուկներից։

ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ առանձնահատկություններից կարևոր է իմանալ հետևյալը.
1. Շինշիլայի կյանքի կենսաբանական տևողությունը ֊15֊20 տարի է
2. Սրտի զարկերը` 200֊300 զարկ / րոպեում,
3. Շնչառության հաճախականությունը `60֊150 րոպեում
4. Մարմնի ջերմաստիճանը ` 36֊37.5 ՞C
5.Ատամների թիվը `20,
6. Ֆիզիոլոգիական սեռահասունության հասնում են ` ֊էգերը` 4.5֊6 ամսականում ֊արուները `4.5֊5.5 ամսականում,
7. Վերարտադրողական (կամ տնտեսական) սեռահասունության ժամկետները ` արուները `9֊10 ամսականում, .էգերը `9֊12 ամսականում.
8. Սեռական ցիկլի տևողությունը `28֊33 օր,
9. Հղիության տևողությունը `105֊120 օր,
10. Ձագերի թիվը մեկ ծնի ժամանակ ` 1֊3 ձագ,
11. Լակտացիայի (ձագերին կաթով կերակրելու ) տևողությունը `մինչև 60 օր, ։

ՄՈՐՖՈԼՈԳԻԿԱՆ (կազմաբանական ) առանձնահատկություններից որոշների մասին արդեն խոսվեց ։Հատկանշական է նաև հետևյալը. Շինշիլայի բերանի խոռոչի և ատամների կառուցվածքն զգալիորեն տարբերվում կրծողների դասի շատ ներկայացուցիչների ատամների կառուցվածքից ։Շինշիլլան իր ամբողջ կյանքի ընթացքում ատամներ չի փոխում, նրանց ատամները արմատներ, որպես այդպիսիք, չունեն, դրանք անատոմիապես ավելի նման են ծնոտի ոսկրերի “գերաճած” ելունների, և կենդանու ամբողջ կյանքի ընթացքում դրանց աճը չի դադարում, ատամները տարիքի հետ ենթարկվում են ձևաբանական փոփոխությունների ` ըստ մաշվածության աստիճանի ։ Ստորին և վերին ծնոտի առջևի մասում գտնվում են երկուական հզոր կտրիչները, վերևինները 1֊1.5 մմ. ավելի առաջ են ուղղված։ Երիտասարդ կենդանու մոտ վերին և ստորին կտրիչների հպման անկյունն ավելի մեծ է (բութ անկյուն ), տարեցների մոտ `այն ավելի է սրվում ։ Առողջ կենդանու ատամները նարնջագույն, կամ գազարագույն են, յուրահատուկ փայլով։ Ժանիքներ չունեն, Վերին և ստորին ծնոտների վրա ունեն մեկական նախասեղանատամներ(примоляры ) և երեքական սեղանատամներ (моляры)։
Առանձնակի ուզում եմ կանգ առնել կազմաբանական (անատոմիական ) մեկ այլ առանձնահատկության վրա, այն է ` վաղ տարիքում կենդանիների սեռերի տարբերակումը ։Սա ավելի բարդ խնդիր է դառնում հատկապես սկսնակ, անփորձ շինշիլաբույծների համար ։ Նախ, կենդանուն պետք է զգուշությամբ ֆիքսել, բռնելով միայն պոչարմատից (չի թույլատրվում բռնել պոչի մազոտ ծայրից ), պահել գլխիվայր, և, եթե մազածածկույթի տակ արտահայտիչ չեն երևում հետանցքն ու սեռական օրգանները, կարող եք թրջել գոլ ջրով։Եթե ուշադիր նայեք, ակնհայտ կտարբերեք հետևյալը. Արուների մոտ հետանցքի և սեռական ճեղքի միջև հեռավորությունն ավելի մեծ է, քան էգերինը, և Արուների սեռական ճեղքը փոքր ինչ կլոր է, էգերի մոտ երկարաձգված։ Նույն պահին զննեք մի քանի կենդանիների և համեմատեք, տարբերությունն ակնհայտ կլինի։
Անվիճելի է այն փաստը, որ առողջ գլխաքանակ ունենալու համար, նախ պետք է ստեղծել առողջ և ապահով պայմաններ. անասնագոմի , շինության միկրոկլիման, լուսավորությունը, զոոհիգիենիկ պայմանները, բարձրորակ և լիարժեք կերերը, ջուրը, կերակրման ռեժիմները շինշիլաբուծության մեջ առաջնահերթ և գլխավոր պայմաններն են ։ Եթե նույնիսկ ունեք առողջ կենդանիներ, սակայն նշված պայմանները բացակայում են, ապա կարճ ժամանակում կկորցնեք նաև Ձեր կենդանիներին ։ Եվ, միայն առողջ գլխաքանակից կարող էք ստանալ առողջ սերունդ, և հետագա վերարտադրության համար նաև, տոհմային “ԿՈՐԻԶ”,բարձր տոհմային արժեքով կենդանիներ ։ Ինչպիսի՞ տեսք ունի առողջ շինշիլան ։ Կենսաբանորեն շատ ակտիվ է, վանդակում շարժվում է հեշտությամբ ու թեթևությամբ, կամ հանգիս նստած է, կամ քնած (ցերեկվա ժամերին ։Աչքերը մեծ են, կլոր ու փայլուն ։Մորթին փայլուն է, թավ , հարթ և համաչափ, բերանի շուրջը, դնչիկի հատվածի մազածերը, բեղիկները, չպետք է խոնավ լինի ։ Վանդակի հատակին արտաթորանքը (կղանքը), պետք է լինի համաչափ ձևավորված, միագույն և միատարր “բոլյուսներ” ։ Պահվածքի, խնամքի, վանդակների մաքրության գնահատման չափանիշ է համարվում կենդանու փորիկի մազերի կեղտոտ, գունափոխված վիճակը, թաթիկների մաքրությունը ։Այս ամենին, որպես կանոն, ամեն օր պարտադիր պետք է հետևի յուրաքանչյուր շինշիլաբույծ ։ ՀԻՇԵՑՈՒՄ. Վերոհիշյալ արտաքին նշանների և կենդանու վիճակների ցանկացած փոփոխության ժամանակ անհապաղ դիմել անասնաբույժ մասնագետի ։

ՇԻՆՇԻԼԱՅԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ

Պայմանականորեն բաժանվում է երկու ենթաբաժինների 2.Ընդհանուր, 2. Հատուկ, կամ մասնավոր կլինիկական հետազոտություն. =1. Շինշիլայի մորթու թավությունը, մազերի խտությունը թույլ չի տալիս միայն ակնտես (վիզուալ ) զննությամբ հայտնաբերել կենդանու մարմնակազմի ` ոսկորների, ենթամաշկային հյուսվածքների, մաշկի, մկանակազմի, վերջույթների և այլ հավանական արատները ։ Դրա համար զգուշությամբ ֆիքսում ենք կենդանուն և կատարում մանուալ զննում (մատներով շոշափում )։ _Առողջ կենդանու չափորոշիչները֊ մազածածկույթը խիտ է, համաչափ, մաշկը էլաստիկ է, առաձգական, տեղային, կամ ընդհանուր չորություն չունի ։ Ենթամաշկային հյուսվածքը փափուկ է, ոչ շատ ճարպոտ, հանգույցներ, բշտեր, ցավազգաց այտուցներ չեն շոշափվում ։ Ողնաշարը, նրա ելունները, կողերը, թիակի և ազդրի ոսկրերը դժվարությամբ են շոշափվում ։ Որովայնի պատերը համաչափ լարված են ։ Խնամքով և մանրակրկիտ շոշափում ենք առջևի և հետին վերջույթների, պոչի մկաններն ու ոսկրերը ։ Որից հետո կենդանուն պոչարմատից բռնելով կախեք գլխիվայր, մատներով շոշափելով զննեք հետանցքն ու միզասեռական օրգանները և ստուգեք, չկա՞ն արդյոք բշտիկներ, հանգույցներ, որովայնի պատն այդ շրջանում ամբողջական է, առանց ճողվածքների։ Նույն դիրքում մատներով որովայնի պատը նուրբ շոշափելով էգերի մոտ կգտնեք կաթնագեղձերը ` պտուկները ։Կարողացեք հաշվել դրանք, յուրաքանչյուր կողմից կարող էք շոշափել 3 ֊ական պտուկ ։ Երկու և ավելի պտուկ ունեցող էգերը համարվում են բազմապտուղ և կաթնատու մայրեր։ Կաթնատվության նշան է նաև կենդանու երկար, կոր, մազոտ պոչը ։

Շարունակում ենք զննել կենդանու պարանոցի և գլխի հարվածը.  Ականջները համաչափ են, էլաստիկ, չորություն չի նկատվում, արտաքին լսողական անցքերը մաքուր են ։ Աչքերը մեծ , կլոր, փայլուն, հարակից մազածածկույթը թաց չէ, արցունքահոսություն չի նկատվում ։ Քթանցքները մաքուր են, հոսք չկա, բեղիկները ( շոշափուկները ) համաչափ երկար են, կոտրատված, կամ պոկված չեն ։ Բերանը համաչափ փակվում է,շրթունքներն առանց վերքերի, բշտերի և ճաքերի, հարակից մազածածկույթը թաց չէ ։ Զգուշությամբ բացեք բերանի խոռոչը, լորձաթաղանթը բայց վարդագույն է, լեզուն քիչ ավելի մուգ գույն ունի, տհաճ, արտասովոր հոտ չի զգացվում, ծնոտների առջևի մասում լավ երևում են կտրիչները, գույնը նարնջագույն կամ բաց գազարագույն, վերևի կտրիչները 1.5֊2 մմ. ավելի առաջ են ։
Այնուհետև, կշռեք կենդանուն, 8֊8.5 ամսական շինշիլան պետք է ունենա բավարար  (միջինից բարձր ) բացառություն , բայց ոչ շատ գեր և ճարպակալված ։ Այդ տարիքում կենդանու  ( ոչ հղի ) քաշը պետք է լինի 550֊600 գր.
ՀԻՇԵՑՈՒՄ. 450 գր.֊ից պակաս և 850 գր. ֊ից ավել քաշ ունեցող կենդանիները սերնդի վերարտադրության համար պիտանի չեն ։
Հայտնի է, որ բնության մեջ որոշ կենդանատեսակների մոտ սերնդատվությունը ազատ ընտրության սկզբունքով չի ընթանում ։ ոհմակներով և խմբերով ապրող կենդանիների մոտ, (շնազգիներ, կատվազգիներ, պրիմատներ և այլն. , ),ոչ  բոլոր էգերն ու արուներն են մասնակցում սերնդատվությանը։ Գոյություն ունեն դոմինանտ էգեր և արուներ, որոնցով էլ պայմանավորված է սերնդատվությունը ։ Այս երևույթը շատ կարևոր է առողջ սերունդ ստանալու և ՏԵՍԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ գործում ։
Սակայն շինշիլաների մոտ, բնության մեջ գործում է ազատ զուգավորման սկզբունքը, բոլորն էլ կարող են սերունդ ունենալ ։ Այդ պատճառով էլ անխուսափելի են շատ բացասական երևույթներ,(օր. Մոտիկ ազգակցական խաչասերումը ) որոնք բերում են ԻՄՈՒՆԻՏԵՏԻ իջեցման և ցածր դիմադրողականության։
Բնության մեջ նման տեսակների, ինչպես նաև շինշիլաների մոտ ձագերի կորուստը բավականին մեծ է, ապրում և գոյատևում են ամենադիմացկունները և գենետիկապես առողջները, այլապես նրանք կբազմանային թվաբանական պրոգրեսիայով։
Եվ այս երևույթները պահպանվել ու փոխանցվում են և մեծ վնաս են հասցնում ժամանակակից շինշիլաբուծությանը ։ շինշիլլաների մոտ առկա հիվանդությունների 60֊65% ունի գենետիկական հակվածություն և ժառանգական բնույթի են։
Հայաստանում շինշիլաբուծությամբ զբաղվող շատ մենատնտեսների մոտ կա այն թյուր կարծիքը և համոզմունքը, որ կարճ ժամկետներում և միանգամից կարող են ունենալ լավ առողջ և կայուն վերարտադրող ծնողական կազմ ։ Կարծում եմ չեմ հիասթափեցնի, եթե ասեմ, որ դրան կարող էք հանել 3֊4 տարվա նպատակային, հետևողական և քրտնաջան աշխատանքի շնորհիվ ։
Տոհմային շինշիլաբուծության մեջ սելեկցիոն ընտրությունը  (селекционный отбор ) անընդհատ պրոցես է, որի ընթացքում ծնողական կազմ ընտրելիս առավելությունը տրվում է ո՛չ թե էգին, այլ` արուին, այսինքն, որպես ՏՈՀՄԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ արուն ավելի մեծ արժեք ունի, ԴՈՄԻՆԱՆՏ Է։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծնված սերնդի էգերը  (աղջիկները ) 65֊70% ժառանգում են հայրական գեները, ԴՈՄԻՆԱՆՏՈՒԹՅԱՆ սկզբունքով ։Տոհմային շինշիլաբուծության մեջ սելեկցիոն ընտրությունն արվում է մոնոգամ ընտանիքներով մեկ էգ, մեկ արու։
Հայաստանում շինշիլաբուծությունն արվում է հիմնականում ՊՈԼԻԳԱՄ ընտանիքներով, `4 կամ 5 էգ և մեկ արու, այդ պատճառով էլ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՏՈՀՄԱՅԻՆ աշխատանքները բնականոն ավելի են բարդանում ու երկարաձգվում։
Կենդանիների ընտրության ժամանակ  (հատկապես հետագա վերարտադրության, վերանորոգման մատղաշի ), պահպանեք հետևյալ կանոններն ու չափորոշիչները ։

Առաջին հերթին բացառեք ՄՈՏԻԿ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ  (ԱՐՅՈՒՆԱԿՑԱԿԱՆ) ԽԱՉԱՍԵՐՈՒՄԸ,
Մինչև կենդանու արտաքին և կլինիկական զննում իրականացնելը հատուկ ուշադրություն դարձրեք կենդանու ԽԱՌՆՎԱՑՔԻՆ, (темперамент ), ընտրեք հանգիստ և սթրեսակայուն կենդանիներ ։
ՀԻՇԵՑՈՒՄ. Նախ, վախկոտությունը, խառվացքը ևս կարող են ունենալ գենետիկական հակվածություն և փոխանցվել ժառանգաբար, իսկ բարձր ՍԹՐԵՍ֊ԸՆԿԱԼՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ կարող են առաջացնել բազմաթիվ հիվանդածին վիճակներ։
Թե ինչ արտաքին նշանների վրա ուշադրություն դարձնել կենդանու արտաքին , ակնտես զննման ժամանակ, վերևում արդեն մանրամասն շարադրվեց։

ՄԱՍ .2 ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ, ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ և ԲՈՒԺՈՒՄԸ

Բոլոր հիվանդությունները պայմանականորեն բաժանվում են երկու խմբի

 1. Վարակիչ հիվանդություններ,

 2. Ոչ վարակիչ հիվանդություններ

Ոչ վարակիչ հիվանդություններ։

Ցավային համախտանիշ  (Болевой Синдром ) ։ Ունի սուր, ենթասուր և թեև կամ խրոնիկ ընթացք։ Սուր ցավային սինդրոմը որովայնի խոռոչի առջևի  (գլխային ) բաժնի խիստ ցավազգաց վիճակն է, որի հիմնական պատճառներն են ա ) ստամոքսի սուր փքանքը, բ ) լյարդի մեծացումը։
Շինշիլլաների մոտ ավելի հաճախ հանդիպում է ստամոքսի սուր փքանքը, որի պատճառները տարբեր են.
Կերակրման սխալները – Մի կերակրատեսակից կտրուկ անցումը մեկ այլի, վատորակ, շուտ խմորվող կերեր, (օր. Հաց և սննդի այլ մնացորդներ), կանաչ հյութալի կերերով կերակրելը, հատկապես վաղ գարնանը, որոնք հարուստ են եթերայուղերով և սպիտակուցներով ։ խմելու ջրի վատ որակը, կերակրման ռեժիմների խախտումները և այլն ։
Ատամների և բերանի խոռոչի հիվանդությունները – Որոնց ժամանակ կենդանին չի կարողանում ծամել ֊մանրացնել կերը և հարկադրաբար ուտում է փափուկ կերեր, որոնք պարունակում են ավելի քիչ թաղանթանյութ։
Աղեստամոքսային տրակտի ինֆեկցիոն հիվանդությունները։
Դեղորայքների և որոշ կերային հավելումների ոչ ճիշտ և հաճախակի օգտագործումը, որոնք կարող են առաջացնել բազմաթիվ հիվանդածին վիճակներ, օր. դիսբակտերիոզ, և փոխել ստամոքսի թթվա֊հիմնային հավասարակշռությունը ( PH)։
ՈՒժեղ սթրեսային վիճակները ։

Վերոնշյալ պատճառները բերում են ստամոքսոմ գազերի արագ առաջացմանը, ստամոքսի չափից շատ մեծանալով ճնշում է ստոծանուն , առաջանում են սիրտանոթային համակարգի և թոքերի ֆունկցիոնալ խանգարումներ ` սրտի արագաբախություն և հևոց ։

ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ։ կատարվում է ըստ կլինիկական նշանների։
Ապատիա , անընկալունակություն,  – կենդանին չի ընկալում արտաքին ազդակները` հպում, ձայն, լույս ։ Կենդանու ոչ բնախոսական դիրքը, որովայնի փքվածությունն ակնհայտ է, կերից հրաժարվում է կրճտացնում է ատամները, աչքերը լրիվ կամ կիսափակ են, մեջքը կորացած, մորթին փշաքաղված, շնչառությունն արագացած և մակերեսային, տեսանելի լորձաթաղանթները գունազրկված կամ կապտած  (ցիանոտիկ)։

ՀԻՇԵՑՈՒՄ. շատ կարևոր է տարբերակել ստամոքսի սուր փքանքը հաստ աղիքային բաժնի փքվածությունից և լյարդի սուր այտուցից։
ԲՈՒԺՈՒՄԸ. Նախքան դեղորայքային բուժում սկսելը պետք է կատարել առաջին շտապ բուժօգնությունը, այն է ` որքան հնարավոր է արագ, ազատել ստամոքսը գազերից, ԶՈՆԴԻ օգնությամբ ։
Զգուշությամբ դուրս բերեք կենդանուն վանդակից, բռնելով միայն պոչարմատից և առջևի վերջույթների հատվածից, այնպես, որ կենդանին որքան հնարավոր է լինի հորիզոնական դիրքում ։ Չի թույլատրվում պահել գլխիվայր, և փորիկը խորը մերսելով փորձել դուրս բերել գազերը ։Կենդանուն դրեք փորիկի վրա, բացեք բերանը, անկյուններից սեղանատամների վրա դնելով ունելիներ  (կարող էք օգտագործել 1,5 ֊2 սմ տրամաչափի փայտի կտորներ ), գլուխը բարձրացրեք այնքան, որպեսզի բերանի խոռոչը, պարանոցը և  կերակրափողը լինեն նույն ուղղության վրա ։ Փափուկ ունելիով բռնեք լեզուն և դուրս քաշեք (որքան հնարավոր է ), որպեսզի բացվի ըմպանը և կերակրափողի նախադուռը ։ Այդ ժամանակ հնարավոր է, որ ստամոքսի գազերից որոշ քանակություն դուրս գա ու, եթե զգաք, որ որովայնի պատերի լարվածությունը զգալի թուլացավ, ապա կերակրափողային ԶՈՆԴԻ անցկացման կարիք չկա ։  (ԶՈՆԴԻ անցկացման ձևերը կնկարագրվի առանձին )։
ՊՐՈԳՆԱԶԸ – սուր փքանքի ժամանակ զգուշավոր է, հաճախ չի հաջողվում ժամանակին ցուցաբերել շտապ բուժօգնություն ։մահացելիությունը բարձր է ։
Եթե այնուամենայնիվ հաջողվել է ստամոքսը դատարկել գազերից, կարելի է համարել, որ հիվանդությունը ՍՈՒՐ ձևից վերածվել է ենթասուր և թեև ձևի և շարունակում ենք դեղորայքային բուժումը, որը պետք է ուղղված լինի կենդանու կարևոր կենսական ֆունկցիաները վերականգնելուն։

Կենդանուն շոկային վիճակից դուրս բերելու և արյան շրջանառությունը վերականգնելու համար ներարկում ենք ՊՐԵԴՆԻԶՈԼՈՆ  2 մգ. 1 կգ. կենդանի քաշին  (օր. եթե կենդանին կշռում է 0.8 կգ, ապա `0.8 ×2 =1.6 ~1.5 մլ, ), կրկնել 24 ժամ հետո։
Կատարել ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ , օգտագործելով հետևյալ պրեպարատները` Ամինոպլազմոլ Е ֊10%֊ոց  10֊14 մլ. /կգ, Դուֆալայտ 10 մլ/կգ, Ռինգեր լակտատ 8֊10 մլ /կգ ։Այս պրեպարատները նշված չափաբաժիններով խառնել միմյանց և ներարկել ներերակային, կամ ենթամաշկային ` տարբեր հատվածներում Ստամոքսի և աղիքների պերիստալտիկ կծկումներն արագացնելու, մարսողությունը խթանելու համար անհրաժեշտ է տալ ` ՏԻՄՊԱՆՈԼ- 1,5 մլ. լուծել 10 մլ. ջրին, խմեցնել կաթոցով օրը 2 անգամ։
Կենդանուն տեղափոխել ազատ, մաքուր վանդակ, պահել հսկողության տակ, հետևել կղանքըին,  կերակրել լավ որակի կերերով։

Ուշադիր զննել բերանի խոռոչը և ատամները, արատների և բորբոքումների դեպքում կատարել համապատասխան բուժումներ ։
Վերացնել ՍԹՐԵՍ ՖԱԿՏՈՐՆԵՐԸ ` աղմուկներ, ցնցումներ, պայծառ լուսավորություն։
Խիստ ուշադրություն դարձնել դեղորայքների, կերային հավելումների  (վիտամիններ, խթանիչներ, պրեմիքսներ ) ներմուծման եղանակների, չափաբաժինների , հաճախականության վրա ։
ՀԻՇԵՑՈՒՄ. Եթե սուր փքանքը նկատվում է միանգամից մի քանի կենդանիների մոտ, կամ կրում է մասսայական բնույթ, պետք է կատարել ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ,  կերերի, ջրի, կղանքի, ստամոքսի և աղիքների պարունակության ։

Վան Օհանջանյանի ֆեյսբուէյան էջը՝
https://www.facebook.com/profile.php?id=100019383401873